22 դեկտեմբերի 2012 - 13:46 AMT
ՕԵԿ-ը նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին

«Օրինաց երկիր» կուսակցությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Այս մասին այսօր հայտարարվել է ՕԵԿ արտահերթ 11-րդ համագումարի ժամանակ, որը կայանում է Կարեն Դեմպիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մենք հայտարարում ենք, որ սատարելու ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը` պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում»: ՕԵԿ-ն աջակցելու է արդար, ազատ և թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը:

Նշվել է նաև, որ շարունակելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հուսալի և վստահելի կառուցողական համագործակցությունը, նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները և արդյունավետ իրականացնել ՕԵԿ և ՀՀԿ նախընտրական ծրագրերի համադրությամբ գործունեության միասնական քաղաքականությունը: