26 դեկտեմբերի 2012 - 18:11 AMT
Երիտասարդ բոլոր խորհրդարանականների համար կստեղծվեն ինքնադրսևորման հավասար պայմաններ

Այսօր գումարվել է Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը:

Օրակարգի հաստատումից հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկել են «ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման և գործունեության կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է օրինագծի հեղինակ Սևակ Խաչատրյանը: Օրինագծի նպատակն է երիտասարդ բոլոր խորհրդարանականների համար ստեղծել ինքնադրսևորման հավասար պայմաններ, ձևավորել մրցակցային առողջ դաշտ: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն բոլոր երիտասարդ պատգամավորներին լինելու և հանձնաժողովի նախագահ, և Երիտասարդական խորհրդարանի նախագահ, ինչն էլ կբացառի Երիտասարդական խորհրդարանի ղեկավար պաշտոնների հավակնորդների ընտրանքային լինելը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԵԽ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Խաչիկյանը` ներկայացնելով օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԵԽ պատգամավորներն իրենց ելույթներում ողջունել են օրենսդրական նախաձեռնությունը, ներկայացրել են իրենց առաջարկները և կոչ արել կողմ քվեարկել:

Օրինագծի քվեարկությունը տեղի կունենա ԵԽ-ի հերթական նիստում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: