26 դեկտեմբերի 2012 - 18:16 AMT
Մշակվել է ծրագիր, որով 2020-ին Հայաստանը տավարի մսով ինքնաբավ երկիր կդառնա

Գյուղատնտեսության ոլորտը ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հիշեցրել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով՝ այս տարի գյուղատնտեսությունն առաջընթաց է արձանագրել: Գյուղմթերքի իրացման ծավալների արդյունքները նույնպես գոհացրել են նախարարին: Գրանցվել է մթերումների դիմաց կատարվող վճարումների բարձր մակարդակ: Մթերված ապրանքների արժեքը կազմում է 26.8 մլրդ դրամ, որի դիմաց այս տարվա դեկտեմբերի 25-ի դրությամբ վճարվել է 26.56 մլրդ դրամ, այսինքն՝ վճարումների մակարդակը կազմել է 99.1 %: Մնացած գումարը` 0.9 % կվճարվի մինչև դեկտեմբերի վերջը:

Սերգո Կարապետյանը կարևորել է պարենային անվտանգության ապահովումն ու մասնավորեցրել, որ նախարարության կողմից մշակվել է ծրագիր, որով 2020-ին Հայաստանը տավարի մսով ինքնաբավ երկիր կդառնա: