27 դեկտեմբերի 2012 - 15:01 AMT
Վերջին 20 տարվա Երևանի լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է

Վերջին 20 տարվա Երևանի լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է:«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումների այդյունքներով՝ երևանցիների 63,8%-ը նախընտրել է գործող քաղաքապետին, 15%-ը՝ Երվանդ Զաքարյանին, 8,8%-ը՝ Կարեն Կարապետյանին, 6%-ը՝ Գագիկ Բեգլարյանին, 2,6%-ը՝ Ալբերտ Բազեյանին:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ հարցման նպատակն է եղել պարզել երևանցիների վերաբերմունքը իրականացվող բարեկարգման աշխատանքներին: «Մայիսին նաև Երևանի ավագանու ընտրություններ են տեղի ունենալու և սա կարելի է համարել մինչ այդ արված նախնական հարցում»,- ասաց նա:

Ըստ հարցումների՝ Երևանի վերջին 20 տարում բարեկարգման գործում առավել նկատելի ներդրում կատարած քաղաքապետը Տարոն Մարգարյանն է (63%), ապա Երվանդ Զաքարյանը (15%), Կարեն Կարապետյանը (8.8%) և այլն:

Ավելացնենք, որ հարցումն անցկացվել է 2012-ի դեկտեմբերին, Երևանի 1160 բնակիչների շրջանում, համաչափ՝ ըստ համայնքների, սեռատարիքային և կրթական խմբերի միջև:

Երևանն ունեցել է 54 քաղաքապետ, որոնցից 12-ը գործել են վերջին 22 տարիներին: