29 հունիսի 2005 - 08:28 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿԱԴՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը եւ Սիրիայի ֆինանսների նախարարի տեղակալ Ալսեյդ Ահմադը ստորագրել են «Հայաստանի եւ Սիրիայի կառավարությունների միջեւ կրկնակի հարկադրումից խուսափելու մասին» համաձայնագիր: Ինչպես այսօր համաձայնագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Մոհամեդ Խադեր Ալսեյդ Ահմադը, այդ համաձայնագիրը երկամյա նախապատրաստման արդյունքն է: Նրա խոսքերով` նման համաձայանագիրը թույլ կտա էլ ավելի արդյունավետ զարգացնել հայ-սիրիական հարաբերությունները: Մոհամեդ Խադեր Ալսեյդ Ահմադի խոսերով` համաձայնագիրը ներառում է 29 հոդված, որոնք մյուսների թվում կարգավորում են եկամտային հարկադրումը եւ եկամուտի հարկը, ինչպես նաեւ տնտեսական եւ այլ գործունեություններ: Նրա խոսքերով` այդ համաձայնագիրը խթան կհանդիսանա գործարարների եւ ներդրողների համար, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն ծավալել: Նա հավաստիացրել է, որ տվյալ համաձայնագիրը մոտ ապագայում կվավերացվի Սիրիայի խորհրդարանի կողմից: Ինչպես նշել է Տիգրան Խաչատրյանը, համաձայնագրի կարեւոր սկզբունքը հարկադրման փոխադարձ ճանաչման փաստն է եւ կրկնակի հարկադրման բացառումը: Նրա խոսքերով` դա թույլ կտա կայուն մթնոլորտ ձեւավորել տնտեսվարող սուբյեկտների համար, ինչպես նաեւ զեղչային պայմաններ կտրամադրի ներդրողներին, ինչը էլ ավելի ակտիվ գործունեության կհանգեցնի ներդրումների ոլորտում: «Հուսով եմ, որ հաջորդ տարում համաձայնագիրն իր պտուղները կտա, իսկ Հայաստանի Ազգային ժողովն արդեն արձակուրդից հետո կվավերացնի տվյալ համաձայնագիրը»,- հայտարարել է Տ.Խաչատրյանը: Ինչպես նշել է Տ.Խաչատրյանը, առկա է Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ապրանքաշրջանառության աճ: Այսպես, 2002-2003 թվականներին Սիրիայից Հայաստան ներմուծումը կազմել է 1,2 մլն դոլար, իսկ 2004 թվականին` 998 հազար դոլար: Միեւնույն ժամանակ 2002 թվականին արտահանումը կազմել է 201 հազար դոլար, այն դեպքում, երբ 2003 թվականին` 490 հազար, իսկ 2004 թվականին` 728 հազար դոլար: Այսպես, արտաքին առեւտրական շրջանառության սալդոն նշված ժամանակահատվածում կազմել է 0,8 հազար դոլար: