29 դեկտեմբերի 2012 - 14:47 AMT
Քութայիս տեղափոխված Վրաստանի խորհրդարանը 2013թ. գարնանը կարող է վերադառնալ Թբիլիսի

Հոկտեմբերից Քութայիսում աշխատող Վրաստանի խորհրդարանը 2013թ. կրկին կվերադառնա Թբիլիսի, հավանաբար, 2013-ի գարնանը, ուրբաթ օրը հայտարարել է խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ Սահմանադրության մեջ կատարված ուղղումների, որոնք ընդունվեցին 2011թ. հուլիսին նախագահ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ, 2012թ. ընտրություններից հետո խորհրդարանը սկսեց աշխատել Քութայիսում, որտեղ սեղմ ժամկետում կառուցվեց այդ մարմնի համար նախատեսված նոր շենքը:

«Մենք ենթադրում ենք, որ գարնանային նստաշրջանը կբացվի Քութայիսում, սակայն գարնան վերջից, հավանաբար, խորհրդարանը կորոշի Թբիլիսի վերադառնալ»,-ասել է Ուսուպաշվիլին մամլո ասուլիսում՝ հավելելով, որ փոփոխությունների նախագիծը թույլ կտա վերադառնալ նախկին շենքը: Ըստ նրա, պատգամավորներին բարդ է աշխատանքի մեկնել Քութայիս Թբիլիսիից: