29 դեկտեմբերի 2012 - 15:35 AMT
Վարդան Սեդրակյանը Ձմեռ պապից ընտրությունների հետ կապված ոչինչ չի խնդրելու. Ձմեռ պապն ավելի կարևոր գործեր ունի

2013-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը Նոր տարին կդիմավորի տանը՝ ընտանիքի հետ: «Իմ կյանքում միայն երկու Նոր տարի չեմ դիմավորել ընտանիքիս հետ՝ խորհրդային բանակում ծառայության տարիներն էին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Սեդրակյանը:

Հարցին, թե հավատո՞ւմ է Ձմեռ պապին և ի՞նչ է խնդրելու նրանից, նախագահի թեկնածուն պատասխանեց, որ միշտ էլ հավատացել է Ձմեռ պապին: «Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր չեն հավատում նրա գոյությանը: Վերջին քսան տարիներին Ձմեռ պապից միշտ նույն բանն եմ խնդրել, որ եկող տարում իմ ընտանիքի անդամներն առողջ լինեն»,- ասաց նա: Գալիք նախագահական ընտրությունների հետ կապված Վարդան Սեդրակյանը Ձմեռ պապից ոչինչ չի խնդրելու: «Ձմեռ պապն ինձ համար էպիկական, աստվածային, հեքիաթային կերպար է: Ես միշտ աշխատում են նրան երկրորդական հարցերով չծանրաբեռնել: Նա ավելի կարևոր գերծեր ունի՝ երեխաների ցանկությունները պետք է կատարի, նրանց առողջություն բերի»,- ասաց էպոսագետ-թեկնածուն:

Վարդան Սեդրակյանը հայ ժողովրդին եկող տարում մաղթում է նախ առողջություն, ապա քաղաքական, տնտեսական և ռազմական հաջողություններ: