7 հունվարի 2013 - 15:24 AMT
Ստորագրահավաք սիրիահայերի առջև Թուրքիայի սահմանը բացելու համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կայքում կազմակերպվել է ստորագրահավաք հայ-թուրքական սահմանի բացման համար: Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի սահմանը սիրիահայ փախստականների համար:

«Ստորագրահավաքին մասնակցելով` մենք կրկնակի կրճատում ենք սիրիահայերի` Հայաստան գալու դժվարությունները, քանի որ այսօր սիրիահայերը անցնում են կրկնակի երկար ճանապարհ, մտնում են իրենց համար բացարձակապես անծանոթ և անցագիր պահանջող Վրաստան:

Բաց սահմանի դեպքում հնարավոր կլինի առավոտյան Հալեպից դուրս գալով ուշ երեկոյան հասնել Երևան: Ավելի քան 60.000 մարդ է սպանվել Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով:

Սիրիայում բնակվում են 200.000 հայեր, որոնց մեծ մասը ցանկանում է գալ Հայաստան:

Սիրիայից Հայաստան եկող ճանապարհը անցնում է Թուրքիայով, որը փակել է Հայաստանի հետ սահմանը դեռ 1993-ին, և դա մեծ դժվարություններ է ստեղծում փախստականների համար:

Ուստի, մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ (գոնե փախստականների համար) առանց որևէ նախապայմանի:

21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն»,-ասված է ստորագրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: