9 հունվարի 2013 - 14:32 AMT
Քաղաքագետ.Հասարակությունը կարող է ինքնակազմակերպվել ու հեռացնել գործող իշխանություններին

Քաղաքական դաշտի ներկայիս վիճակը բնական է, քանի որ խորհրդարանական ուժերը իմաստ չտեսան ու չմասնակցեցին ընտրություններին` հայտարարելով, որ ազատ մեխանիզմ չկա: Իրականում պատճառները շատ ավելի խորքային են: Այսպես է մտածում քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ նշված ազատ ընտրությունների մեխանիզմների բացակայությունը նորություն չէ, բայց քաղաքական ուժերը շարունակում էին գործել` իրար կամ իշխանություննեի հետ ստվերային պայմանավորվածություններով:

«Այս գործընթացի տեր-տիրականը գործող իշխանություններն են: Այս խաղի կանոնները նրանք են դրել սեղանին` ակնկալելով, որ կմնան միակ ուժը: Հասարակությունը մնաց մեն-մենակ իշխանությունների հետ», - ասաց Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով` նման իրավիճակում արդեն հայտնված այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ հասարակությունը կարող է ինքնակազմակերպվել, միջոց գտնել ու արմատավորել ազատ ընտրությունների համակարգը` հեռացնելով գործող իշխանություններին: