11 հունվարի 2013 - 16:55 AMT
ՀԱՍԿ. Հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակին

2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ճակատագրական ճամփաբաժնի առջև: Շարունակել վերջին տարիներին վարվող քաղաքականությունը` նշանակում է երկիրը հասցնել վերջնական կործանման: Ուստի նոր ճանապարհի ընտրությունը հայրենիքի փրկության միակ հնարավորությունն է: Իսկ նոր ճանապարհով կարող են առաջնորդել միայն նոր մտածողությամբ նոր իշխանությունները:

Այս պահին ստեղծված իրավիճակի և առկա իրողությունների պայմաններում մեր համոզմամբ նորի` մեզ բոլորիս անչափ անհրաժեշտ ապահով և անվտանգ հայրենիքի,ազատ և բարեկեցիկ կյանքի, հիրավի նոր և արդար Հայաստանի, որակյալ և կենսունակ պետության երաշխավոր կարող է լինել միայն ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, բնականաբար` որոշակի ծրագրերի և որոշակի թիմի առկայության պայմաններում»,- ասված է ՀԱՍԿ Կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ:

Կուսակցությունը հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակին: