15 հունվարի 2013 - 17:41 AMT
Արմեն Չախալյան. Իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում, որ Վահագնը քաղբանտարկյալ չճանաչվի

Վրաստանում ընդունված «Համաներման մասին» օրենքով քաղբանտարկյալների ազատ արձակման նոր` 70-80 մարդու անունով ցուցակ է պատրաստվում, որի մեջ, ըստ ամենայնի, ջավախահայ քաղբանտարկյալ Վահանգ Չախալյանի անունը չի ներառվի: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Վահագնի եղբայրը` Արմեն Չախալյանը: «Նա չի ցանկանում, որ իրեն համաներում տան, քանի որ չի ընդունում այն մեղադրանքները, որով իրեն դատապարտել են: Իշխանություններն էլ չեն ցանկանում, որ Վահագնը համարվի քաղբանտարկյալ և լուրջ աշխատանքներ են տանում»,- ասաց Արմեն Չախալյանը: Նա նաև հայտնեց, որ բացի քաղբանտարկյալների ցուցակից, համաներումով ազատ կարձակվեն մոտ 3000 բանտարկյալներ, և, ըստ օրենքի, համաներում կարող է ստանալ նաև Վահագնը, քանի որ օրենքը տարածվում է նաև այն հոդվածների վրա, որով դատապարտել են քաղաքական գործչին: Արմեն Չախալյանն ասաց, որ իրենք սպասում են, որ եղբորը կազատեն: Վահագն Չախալյանի եղբայրը նաև հիշեցրեց, որ Վահագնի գործը գտնվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և շարունակվելու է քննվել: