16 հունվարի 2013 - 15:42 AMT
Մոսկվայի կենտրոնում սպանել են Դեդ Հասանին

Մոսկվայի կենտրոնում սպանվել է հանցավոր աշխարհի հեղինակություն Ասլան Ուսոյանը, որը հայտնի է նաև որպես Դեդ Հասան:

Աղբյուրները իրավապահ մարմիններում «Ինտերֆաքսին» հայտնել են, որ Ուսոյանին գնդակահարել են հունվարի 16-ին մոտ 14:30-ին, երբ նա դուրս էր գալիս ռեստորանից:

Օրենքով գողը սպանվել է օպտիկական նշանառությամբ դիպուկահարի հրացանից:

Իրավապահ մարմիններում «ՌԻԱ Նովոստիին» հաստատել են Ուսոյանի մահվան փաստը:

2010թ. սեպտեմբերին Ուսոյանի դեմ արդեն կատարվել է մահափորձ Մոսկվայում: Այն ժամանակ նա հրազենի երեք կրակոց ստացավ որովայնի շրջանում, սակայն ողջ մնաց: Հայտնի դարձավ, որ հանցավոր հեղինակությունների հավաքներից մեկի ժամանակ Դեդ Հասանը հայտարարեց, որ մահափորձն իր դեմ պատվիրել էր օրենքով գող Ռովշան Ջանիևը:

Ասլան Ուսոյանը ծնվել է 1937թ. Թբիլիսիում: Առաջին անգամ դատապարտվել է 19 տարեկանում: 60-ականներին նա «թագադրվեց» որպես օրենքով գող:

ԶԼՄ-ները Դեդ Հասանին համարում էին Ռուսաստանի բոլոր կովկասյան հանցավոր խմբավորումների ղեկավարը: