17 հունվարի 2013 - 23:07 AMT
ԵԽԽՎ պատվիրակությունը մտահոգված է ընտրացուցակներում առկա էական անճշտություններով

ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը մտահոգված է Հայաստանում ընտրական գործընաթցի նկատմամբ հետաքրքրության և վստահության համընդհանուր պակասով: ԵԽԽՎ պատվիրակությունը հատկապես մտահոգված է ընտրացուցակներում առկա էական անճշտություններով, քանզի ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎդիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար, Նորվեգիայից Քնութ Փեդեր Վոլդսեթը : «Պատվիարկությունը նաև հիասթափված էր տեսնելով, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել»,- ասաց պատվիրակության ղեկավարը:

Նա նաև նկատեց, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ ընտրողները մեծ հետաքրքրություն չունեն ընտրությունների նկատմամբ, ինչը, ըստ նրա, շատ մտահոգիչ է: «Մտահոգիչ է նաև, որ որոշ քաղաքական խոշոր ուժեր, որոնք խորհրդարանական ընտրություններին օրինակ հավաքել էին մոտ 30 տոկոս, թեկնածու չառաջադրեցին նախագահական ընտրություններում»,- ընդգծեց Քնութ Փեդեր Վոլդսեթը: Ըստ նրա՝ այս հանգամանքը նույնպես ազդել է ընտրողների վրա, ինչպես նաև՝ ստվեր է նետում սպասվող ընտրությունների վրա:

«Հետևաբար՝ պետք է վերականգնել քաղաքացիների հավատը, հատկապես, համապետական նման ընտրությունների նկատմամբ»: Նա նշեց, որ ԱԺ ընտրություններից հետո ընտրողների նկատմամբ ճնշումների և վարչական ռեսուրսի օգտագործումն դեպքերն արդեն շտկվել է: Քնութ Փեդեր Վոլդսեթը հույս հայտնեց, որ բոլոր թեկնածուների համար կստեղծվի հավասար դաշտ, ինչպես նաև՝ հավասարաչափ լուսաբանում:

ԵԽԽՎ պատվիրակությունն արդեն հանդիպումներ է ունեցել գործող նախագահ Սերժ Սարգսյանի, նախագահի մյուս թեկնածուների, ԿԸՀ նախագահի, ԱԳ նախարարի հետ: