18 հունվարի 2013 - 14:53 AMT
ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին առնվազն 50 մլն դոլար հատկացնել Հայաստանին 2014 ֆինանսական տարում

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ավելացնել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալն ու ընդլայնել հայ-ամերիկյան առևտրի զարգացման ծրագրերը:

Կոնգրեսականների գրասենյակներ ուղարկված նամակներում ANCA-ն բերում է միջազգային մի շարք կազմակերպությունների զեկույցները Հայաստանի մասին: Մասնավորապես, նամակում ասվում է.

«ՀԲ Doing Business 2013 զեկույցում Հայաստանը գրավել է 32-րդ տեղը բիզնեսի համար առավել բարենպաստ երկրների շարքում, 11-րդը՝ երկրում բիզնես բացելու համար բարենպաստ երկրների շարքում և 4-րդը՝ սեփականությունը գրանցելու համար բարենպաստ երկրների ցանկում:

Տնտեսական ազատությունների The Wall Street Journal և Heritage Foundation համատեղ զեկույցում Հայաստանը 38-րդ դիրքում է, իսկ 43 եվրոպական երկրների շարքում զբաղեցրել է 17-րդ տեղը՝ առաջ անցնելով Բելգիայից, Ֆրանսիայից ու Իսպանիայից:

Միջազգային տնտեսական համաժողովի The Global Enabling Trade Report 2012 զեկույցում Հայաստանը 59-րդն է 132 երկրների շարքում և 13-րդը՝ շուկայի հասանելիության առումով: Price Waterhouse Cooper ընկերությունների միջազգային ցանցը Doing Business-ի իր վերջին զեկույցում նշում է, որ «Հայաստանում խրախուսվում են օտարերկրյա ներդրումներն ու առևտուրը: Հայաստանում համեմատաբար հեշտ է հիմնել սեփական բիզնեսը»:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանին հատկացնում է 97-րդ տեղը առևտրային քաղաքականության և բիզնես հիմնելու բարենպաստության առումով և 91-րդը՝ կանոնակարգման որակով:

Freedom House-ը իր «Ազատությունն աշխարհում» զեկույցում քաղաքական իրավունքների վարկանիշով Հայաստանին զետեզել է 5-րդ տեղում»:

Նամակում նաև ասվում է, որ Հայաստանը ԱՄՆ հուսալի գործընկերն է անվտանգության ապահովման ոլորտում, մասնակցում է խաղաղապահ առաքելությունների Իրաքում, Աֆղանստանում ու Կոսովոյում:

ANCA, Հայաստանում գործող մի շարք կազմակերպությունների հետ մեկտեղ, որոնց թվում են նաև Microsoft, FedEx, NASDAQ-ը, կոչ են անում առանձնակի ուշադրություն դարձնել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը, որպես կոնկրետ խնդիր նշելով բանակցությունները Առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագրի (TIFA) վերաբերյալ:

Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը, գագաթնակետին հասնելով 2003թ., երբ այն կազմեց 174 մլն դոլար, վերջին երկու տարիներին գնալով նվազել է՝ հասնելով վերջին առաջարկին՝ 45 մլն դոլարի: ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին առնվազն 50 մլն դոլար հատկացնել Հայաստանին 2014 ֆինանսական տարում: