18 հունվարի 2013 - 13:00 AMT
Twitter-ը 2014-ի ԱԱ-ից և 2016-ի Օլիմպիադայից առաջ ներկայացուցչություն կբացի Սան Պաուլուում

Twitter միկրոբլոգների ծառայությունը պլանավորում է ներկայացուցչություն բացել բրազիլական Սան Պաուլու քաղաքում, ինչը թույլ կտա ռեսուրսի ադմինիստրացիային ավելի սերտ շփման մեջ մտնել այդ երկրի օգտատերերի հետ:

Այդ մասին հաղորդել է Բրազիլիայում Twitter-ի ղեկավար Գիլյերմե Ռիբենբոիման: Բրազիլիան արդեն մեծությամբ երկրորդ շուկան է ԱՄՆ-ից հետո աքաունթների քանակով: Ծառայության բրազիլացի օգտատերերի ընդհանուր թիվը գերազանցում է 40 միլիոնը:

Բրազիլիայում Twitter-ի գրասենյակ բացելու պատճառները կարող են լինել նաև երկու խոշոր սպորտային միջոցառումները` 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և 2016-ի Օլիմպիական խաղերը: Լոնդոնի Օլիմպիադայի ընթացքում Twitter-ի օգտագործողները հրապարակել են 150 մլն հաղորդագրություն, ինչը ցույց է տվել ծառայության գովազդային հնարավորությունները բիզնեսի ներկայացուցիչների համար:

Բրազիլիայում Twitter-ի ներկայացուցչությունն ընկերության առաջին պաշտոնական գրասենյակը չէ ԱՄՆ սահմաններից դուրս, ավելի վաղ գրասենյակներ են բացվել Բեռլինում, Լոնդոնում և Դուբլիում: Բրազիլիայում ներկայացուցչություն ունի նաև աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը: