19 հունվարի 2013 - 17:45 AMT
Բակո Սահակյան. Արցախի գյուղատնտեսության համար կարևոր են պիլոտային ծրագրերը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է քաղաք Հադրութ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանը:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ բնագավառի դինամիկ զարգացման համար Հադրութում առկա են բոլոր նախադրյալները` բնակլիմայական, պատմական և սոցիալ-տնտեսական:

Ըստ երկրի ղեկավարի` գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել պիլոտային նախագծերի իրականացմանը, որոնք կբացահայտեն ծրագրերի բացասական և դրական կողմերը, ինչպես նաև հնարավորություն կտան ընդլայնել այդ ծրագրերի շրջանակները` հաշվի առնելով արձանագրված արդյունքները:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: