ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չի կարծում, որ այս պահին Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ճիշտ է: «Եթե մենք հիմա ճանաչում ենք Արցախը, նշանակում է, որ այլևս չենք ցանկանում մասնակցել բանակցություններին, իսկ եթե մենք չենք ցանկանում մասնակցել բանակցություններին, նշանակում է, որ ամեն պահի պետք է պատրաստ լինենք վարել ռազմական գործողություններ»,- այսօր Ավանում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը: Նա նկատեց, որ ցանկացած ելքով պատերազմի վերսկսումը մեծ վնաս կհասցնի թե Հայաստանին, թե Ադրբեջանին, և թեԱրցախին:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ Արցախի ճանաչման գործընթաց է սկսվել և որքան արագ այն ընթանա, այնքան լավ:
Նախագահի թեկնածուն ընդգծեց, որ Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները և շարունակում է իր հասարակության մեջ հայատյացություն սերմանել, իսկ բանակացությունների շարունակումը ստեղծված իրավիճակում ամենալավ որոշումն է:
Սերժ Սարգսյանը նկատեց, որ բանակցությունների ընթացքին զուգահեռ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ:
«Ալիևը ինչքան էլ հայտարարի, թե Երևանը պատմական Ադրբեջանի հող է, միևնույնն է Երևանը չի դառնա այդպիսին: Բաքվում շատ լավ հասկանում են, թե իրենք ինչ պետություն են, ինչ արմատներ ունեն և ինչպես են առաջացել»,- նշեց Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների` սեփական հասարակության մեջ հայատյացության և թշնամանք սերմանելու քաղաքականության, Սերժ Սարգսյանը նշեց, որ դրանից առաջին հերթին տուժում է հենց Ադրբեջանի հասարակությունն ու ժողովուրդը: «Թունոտ մարդը չի կարող երջանիկ լինել և լավ գործեր անել»,- եզրափակեց նախագի թեկնածուն: