20 հուլիսի 2005 - 13:00 AMT
ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ ՀԵՏ
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Յոհանիս Սալամուրասին եւ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Աթանասիոս Խաձիվիերիսին: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Խոսելով օրեցօր խորացող հայ-հունական ռազմական համագործակցության մասին` ՀՀ ՊՆ ղեկավարը բարձր է գնահատել Յոհանիս Սալամուրասի ներդրումը եւ մաղթել նրան հաջողություններ հետագա գործունեությունում: Կարեւորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմական բնագավառում` Աթանասիոս Խաձիվիերիսն իր պատրաստակամությունն է հայտնել երկու երկրների միջեւ համագործակցության մակարդակն էլ ավելի խորացնելու հարցում: