23 հունվարի 2013 - 21:44 AMT
Ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացում առանցքային է Արցախի ժողովրդի ինքնքորոշման իրավունքի ընդունումը

Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներին և դասախոսներին:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությանը, ընթացիկ փուլին, հակամարտության կարգավորման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերի:

Կարեն Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի կողմից պարտադրված անհավասար պատերազմում Արցախի ժողովուրդը կարողացել է ոչ միայն պաշտպանել իր հայրենիքը և հաղթել պատերազմը, այլ նաև կերտել անկախ պետականություն` հիմնված ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների հարգման սկզբունքների վրա:

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Լեռնային Ղարաբաղը հանդես է գալիս հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, և Արցախի` որպես լիիրավ կողմ բանակցային սեղանի շուրջ վերադարձի օգտին»,- ասել է Կ. Միրզոյանը:

ԼՂՀ ԱԳ նախարարը նշելով, որ Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել բանակցությունների էությունը և ձևաչափը` ասել է. «ղարաբաղյան խնդրի կարգավորման առանցքը հանդիսանում է Ղարաղաղի ժողովրդի ազատ կամքի ընդունումը: Մենք հավատում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անպայման հաշվի առնվի»:

Նախարարը ընգծել է, որ միայն ադրբեջանական կողմից առկա իրողությունների ճանաչումը, ատելության քարոզչությունից և միլիտարիստական տրամադրություններից հրաժարումը, ինչպես նաև ռազմական ծախսերի ավելացման դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում հակամարտության կարգավորման, խաղաղության և կայունության հաստատման համար: