26 հունվարի 2013 - 14:26 AMT
Գագիկ Մինասյան. Նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները դրական են

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ամփոփեց 2012 թվականի տնտեսական տարին և նշեց, որ համաշխարհային ցուցանիշների հետ համեմատած դրանք դրական են:

Ըստ նրա, նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը կհրապարակվի որոշ ժամանակ անց, սակայն կկազմի շուրջ 7 %, տնտեսական ակտիվության ցուցանիշը կլինի 7,2 %:

«Ճգնաժամից հետո էական տեղաշարժեր են եղել, այսօր մեծ չափաբաժին ունի արտահանությունը, նվազել է շինարարության մասնաբաժինը: 2008 թվականից սկսած այս ոլորտում միշտ անկում է եղել, սակայն 2012-ին փոքր աճ է գրանցվել:

Արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում ևս աճ է արձանագրվել»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով, միջին գնաճը 2,6 % է կազմել: Միջին աշխատավարձը ևս աճել է ու հասել 121 հազար դրամի: Արտահանման աճի տեմպը 2,5 անգամ գերազանցում է ներմուծման աճի տեմպը: