27 հունվարի 2013 - 21:41 AMT
Լևոն Արոնյանը Վեյկ Ան Զեեում զբաղեցրել է 2-րդ տեղը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ Ան Զեեում ավարտված Tata Steel մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը: Վերջին`13-րդ տուրում, նա մրցել է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ և հանդիպման 104-րդ քայլին շախմատիստները խաղաղ դաշն են կնքել:

Այս տուրում չափազանց կարևոր էր միավոր վաստակել, քանի որ նրա հիմնական մրցակիցներից մեկը` աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը զիջել էր Վան Հաոյին (Չինաստան), հնդիկ շախմատիստն արդյունքում 8 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Նախորդ տարվա Վեյկ Ան Զեեի հաղթող Արոնյանը վաստակել է 8,5 միավոր:

Դեռ շախմատային փառատոնի ավարտից մեկ տուր առաջ հաղթողի կոչումը նվաճել էր նորվեգացի Մագնուս Կարսենը, որը 13 տուրերում ձեռք է բերել 10 միավոր:

B մրցաշարում Սերգեյ Մովսիսյանը 8,5 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: