1 փետրվարի 2013 - 19:24 AMT
Հայրիկյանը պատրաստվում է հետաձգել քարոզարշավը. պաշտոնական հայտարարություն դեռ չկա

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նախընտրական քարոզարշավը հետաձգելու մասին պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց թեկնածուի շտաբի ղեկավար Մանյա Այվազյանը:

Ավելի վաղ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ չէր ցանկանա հետաձգել ընտրությունները, ապա նշել, որ ամեն դեպքում հարկադրված է ընդունել ընտրությունները 15 օրով հետաձգելու հնարավորությունը:

Մանյա Այվազյանը հայտնեց, որ Հայրիկյանին այցելել է նաև Սահմանադրական դատարաանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա հանդիպումից հետո հայտարարել է, որ այդ պահին Պարույր Հայրիկյանը քարոզարշավը հետաձգելու խնդրանքով դատարան դիմում չի ներկայացրել:

ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Ընտրությունների հետաձգումը կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից