2 փետրվարի 2013 - 15:39 AMT
Բահրեյնում կարևորում են Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ակտիվացումը

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բահրեյնի Թագավորության խորհդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նրանց այցը լավ հնարավորություն է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները քննարկելու և օրակարգային երկկողմ հարցերին անդրադառնալու համար: Կարևորելով Արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ-բահրեյնյան համագործակցության համար կա զգալի ներուժ: Խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և գոհունակությամբ փաստեց, որ երկու խորհրդարաններում ձևավորվել են բարեկամության խմբեր: Հովիկ Աբրահամյանը կարևոր համարեց ակտիվացնել երկուստեք ջանքերը տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Նրա համոզմամբ լավ նախադրյալներ կան նաև կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում կապերի զարգացման համար, ինչը դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բահրեյնի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հասան Իյադ Բու Խամասը նշեց, որ Բահրեյնը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և համոզմունք հայտնեց, որ իրենց այցը կնպաստի փոխգործակցության խորացմանը: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նա կարևորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, երկկողմ շփումները, փոխայցերը: Հասան Իյադ Բու Խամասը նույնպես անհրաժեշտ համարեց տնտեսական համագործակցության ակտիվացումը: Պատվիրակության ղեկավարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահի ջերմ ողջույնները և Բահրեյն պաշտոնական այցի հրավերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ` կարևորելով խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս ամսին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: