4 փետրվարի 2013 - 15:52 AMT
Պետական մարմինների կայքերի միասնականացման նախագիծը դեռ վերամշակման փուլում է

«Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջների մասին» ՀՀ կառավարության նախագիծը դեռևս գտնվում է վերամշակման փուլում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարարության Կապի և տեղեկատվայացման վարչության պետ Նորայր Ստեփանյանը, նախագիծը դեկտեմբերին խմբագրվել է, մշակվել, սակայն դեռևս գտնվում է կառավարությունում և պարզ չէ, թե երբ կկիրառվի: «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեռ 2011 թվականին: Դրանով նախատեսվում է կանոնակարգել և միասնականացնել պաշտոնական ինտերնետային կայքերը: Ինչպես նշված է նախագծում՝ պետական կառավարման մարմինների կայքերին ներկայացվող պահանջներն են. տեղեկատվական և տեխնոլոգիական բաղկացուցիչների պահպանման և ապահովման պահանջներ, տեխնիկական և կազմակերպչական բնույթի պահանջներ, անվտանգության ապահովման բնույթի պահանջներ: Որոշման ընդունումից հետո բոլոր ՀՀ պաշտոնական կայքերը պետք է համապատասխանեն այստեղ տեղ գտած պահանջներին: Նորայր Ստեփանյանը ավելի վաղ ասել էր, որ նախագծի նպատակն է համակարգել, նույնականացնել պետական մարմինների կայքերը թե՛ արտաքին տեսքի, թե՛ տեխնիկական առումով, ինչը հնարավորություն կտա ավելի հեշտ կազմակերպել անվտանգության հետ կապված հարցերը: