5 փետրվարի 2013 - 16:10 AMT
Ադրբեջանի զինաֆոբիան. Այս անգամ Բաքուն «աչք է դրել» վրացական զրահամեքենաների վրա

Ադրբեջանը, որը զինվում է մինչև ատամներն ու զենք ու զինամթերք է արտադրում ու գնում որտեղ միայն հնարավոր է, հավանաբար, արդեն հիվանդագին հակվածություն է զգում սպառազինության հանդեպ: Եվ հարցը՝ թե ո՞ւր է այս ամենը գնում, վաղուց արդեն անտեղի է: Հավանաբար, Բաքվում, անկախ բոլոր միջազգային նորմերից ու քվոտաներից, նպատակ են դրել բնակչության մեկ շնչին ընկնող զենքի քանակով աշխարհի առաջատարը դառնալ: Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում Վրաստանն է հայտնվել:

Ինչպես հայտնել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին «Մթելի կվիրա» պարբերականին, Ադրբեջանը Հարավային Կորեայի հետ մեկտեղ, հետաքրքրվում է վրացական ռազմատեխնիկայի որոշ տեսակներով՝ մասնավորապես «Լազիկա» և «Դիդիգորի» մարտական մեքենաներով:

«Լազիկա» հետևակի մարտական մեքենան մշակվել է «Դելտա» հետազոտական կենտրոնի կողմից, առաջին անգամ ցուցարդվել է 2012թ. փետրվարի 25-ին, ունի հեռակառավարման մոդուլ: «Դիդիգորին» զրահամեքենա է, որը մշակվել է 2011թ.: