Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում է եղել` տեղում գնահատելու անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։
«Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներում զգալի աշխատանք էր արված` բարեկարգ տարածք, նորոգված, ջեռուցվող ու նոր գույքով կահավորված գրասենյակներ, խոհանոց, զորանոց, հանդերձարաններ ու դասասենյակներ»,- հայտնում են նախարարությունից:
Արմեն Երիցյանը գոհունակություն է հայտնել աշխատանքի արդյունքներից` նշելով, որ այստեղ մեծ է նաև փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության պետի ներդրումը։ Նախարարը հրամայել է խրախուսման ներկայացնել Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներին։
Չարենցավանի, Եղվարդի և Հրազդան ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատներում նույնպես աշխատել էին հնարավորինս բարելավել աշխատանքային պայմանները, սակայն անելիքներ դեռ շատ կան։ ԱԻ նախարարը հանձնարարել է աջակցություն ցույց տալ ջոկատներին (շինանյութ, գույք և այլն)` առկա խնդիրները լուծելու համար։
Շրջայցի ընթացքում Արմեն Երիցյանը, նախարարության ղեկավար կազմի ուղեկցությամբ, եղել է նաև Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում, մարզային փրկարարական ջոկատում, Աբովյանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գրասենյակում։
Հիդրոմետ ծառայության Եղվարդի օդերևութաբանական կայանում նախարարը շնորհակալություն է հայտնել ծառայության տնօրենին և աշխատակիցներին` բարեխիղճ աշխատանքի համար։