7 փետրվարի 2013 - 15:38 AMT
Իտալիայում կայանալիք ԱԱ մասնակցելու են 8 հայ դահուկորդներ

Այսօր ավարտվել է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը, որն ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում: Առաջնությունը, որին մասնակցում էին 50 մարզիկներ Հայաստանից, Ավստրալիայից և Չեխիայից, անցկացվում էր Ծաղկաձորում:

Մեդալների վերջին հավաքածուները խաղարկվել են տղամարդկանց և կանանց սպրինտում: Տղամարդկանցից առաջին տեղն են զբաղեցրել Մյասնիկ Ղարիբյանն ու Գոռիկ Գևորգյանը, նրանջ հաջորդել են Կարեն Երիցյան- Արամ Գրիգորյան և Արմեն Դավոյան- Սլավիկ Սիմոնյան զույգերը:

Հայկանուշ Երիցյանն ու Գրիմեռ Լեսինցկան (Ավստրալիա) ևս հաղթողներ են դարձել: Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել Աննա Մխիթարյան- Կատյա Գալստյան և Լիլիթ Տոնոյան-Մարինե Ներսիսյան զույգերը:

PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանն ասել է, որ առաջնության մակարդակն ավելի բարձր էր, քան նախորդ տարի: «Եվ կազմակերպչական տեսանկյունից և գրանցված արդյունքների հիման վրա կարելի է ասել, որ այն լավ է անցկացվել: Առաջնության վարկանիշը ևս բարձրացել է»,- նշել է նա:

Առաջնության արդյունքներով կազմավորվելու է Հայաստանի հավաքականը, որը Իտալիայում կմասնակցի աշխարհի առաջնությանը: Այնտեղ մեկնելու են 8 մարզիկներ: