8 փետրվարի 2013 - 13:16 AMT
Ռուստամյանն իր քվեաթերթիկը անվավեր կդարձնի՝ շեշտելու ընտրությունների անվավեր լինելը

Ընտրություններից մի քանի օր առաջ ՀՅԴ-ն կհայտարարի, թե իր ընտրազանգվածը ինչպես քվեարկի: Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ շտապելու կարիք չկա և մինչև այս պահը անսպասելի փոփոխություններ են լինում:

Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ ինքը հակված է գնալ ընտրության և քվեաթերթիկի վրա գրել՝«բոլորին դեմ»: «Մեր առաջարկը, որ քվեաթերթիկում լինի բոլորին դեմ քվեարկելու հնարավորություն, դժբախտաբար չանցավ: Դա հնարավորթյուն կտար, որ բոյկոտը իրավական հետևանքներ առաջացներ: Այդ դեպքում բոլորին դեմ քվեարկելու կոչ կանեինք: Ժամանակին օրենսգիրքը թույլ էր տալիս, որ եթե հիսուն տոկոսից ավելի ընտրողները բոլորին դեմ են քվեարկել, ապա ընտրությունները համարվում են չկայացած: Դա իսկապես ճիշտ ձև էր, որ ընտրողները կարողանային ընտրությունների գործընթացի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նա նկատեց, որ իշխանությունները նպատակ ունեին ընտրությունները հեզասահ անցկացնելու և, բնականաբար, պետք է թույլ չտային նման հնարավրություն:

Իր քվեաթերթիկը անվավեր դարձնելով Արմեն Ռուստամյանը ցանկանում է շեշտել ընտրությունների անվավեր լինելը: «Մենք չենք մասնակցում հենց այդ փաստը արձանագրելով, մեր չմասնակցելը պայքարի ձև է, որպեսզի վերջ դնենք ընտրությունների այս անօրինական ձևին»,- ասաց ՀՅԴ պատգամավորը: