8 փետրվարի 2013 - 16:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԱՆ. Եթե Ղուկասյանի կյանքին վտանգ սպառնա, մենք նրան անհապաղ կհոսպիտալացնենք

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը առաջիկա 1-2 օրվա ընթացքում հետազոտություններ կանցնի, որին կմասնակցեն հանրապետության գլխավոր մասնագետները, եթե, իհարկե, թեկնածուն տա իր համաձայնությունը: Այսօր ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ առանձնազրույցի ժամանակ նախագահի թեկնածուն խոստացել է, որ մինչև երեկո կտեղեկացնի օրը, ժամը և այն հիվանդանոցի անունը, որտեղ ինքը կցանկանա հետազոտվել:

Առանձնազրույցից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ այս հետազոտությունն անհրաժեշտ է անդառնալի հետևանքներից խուսափելու համար: Առողջապահության նախարարը նշեց, որ այս պայմաններում անհնար է լիարժեք հետազոտություններ կատարել, դրանք պետք է իրականացվեն հիվանդանոցային պայմաններում:

«Սկսած հացադուլի 20-րդ օրվանից օրգանիզմում կարող են տեղի ունենալ լուրջ փոփոխություններ և մենք պարտավոր ենq ուսումնասիրել Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակն ու նախագահի թեկնածուին տեղեկացնել, որ բարդությունների ժամանակ հնարավոր է լուրջ միջամտություններ կատարվեն»,- ասաց Առողջապահության նախարարը: Նա նաև հայտնեց, որ եթե անհրաժեշտություն լինի և նախագահի թեկնածուի կյանքին վտանգ սպառնա, իրենք կարող են ինքնուրույն որոշում կայացնել և Անդրիաս Ղուկասյանին անհապաղ հոսպիտալացնել:

ՖՈՏՈՇԱՐՔ