8 փետրվարի 2013 - 16:56 AMT
2013-2014թթ. կավելանան մաքուր երկաթի գործարանի արտադրական հզորությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Մաքուր երկաթի փորձնա-արդյունաբերական գործարան» ընկերություն: Կառավարության ղեկավարը գործարանում ծանոթացել է մոլիբդենի արտադրական գործընթացներին: 1996 թվականից մինչ 2013 թվականը, շնորհիվ նոր տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների ներդրման, գործարանի արտադրական հզորություններն աճել են 6 անգամ: 2012 թվականին ընկերությունն օգտագործելով ժամանակակից սարքավորումներ՝ աշխատում է գերմաքուր մոլիբդեն ստանալու ուղղությամբ և մոլիբդենի թիթեղի ու պրոֆիլի արտադրության տեխնոլոգիայի ներդրման վրա, PanARMENIAN.Net-ին է հայտնել կառավարության մամլո ծառայությունը:

2013 թվականին գործարանը նախատեսում է վերամշակել 6 հազար 500 տոննա մոլիբդենի խտանյութ, արտադրել 3 հազար 200 տոննա ֆերոմոլիբդեն և 750 տոննա մոլիբդեն մետաղ: Ընկերության ղեկավարները ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ 2013-2014 թվականներին ներդրումային նոր ծրագրերով նախատեսում են ավելացնել գործարանի արտադրական հզորությունները՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր:

Գործարանի արտադրանքը 100 տոկոսով արտահանվում է: Ներկայում գործարանն ունի 600 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 220 հազար դրամ:

Գործարանը, որը ստեղծվել է 1970 թվականին Երևանում, նախկինում զբաղվել է մետաղական թափոնների վերամշակմամբ: Խորհրդային տարիներին վերջինիս աշխատակիցների թիվը չի գերազանցել 300-ը:

1995 թվականին գործարանը սեփականաշնորհվել է: Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հենց այս գգործարանում է ներդրվել մոլիբդենի խտանյութի վերամշակման և ֆերոմոլիբդենի արտադրության տեխնոլոգիաներ՝ 1996-ին: