11 փետրվարի 2013 - 18:19 AMT
Ամերիկյան համալսարանը կարող է մասնակցել զորամասերում զինծառայողների նախապատրաստական կրթական ծրագրերին

Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության շրջանակում փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՀ-ի պատվիրակությանը՝ համալսարանի նախագահ Բրյուս Բողոսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը և Ա.Միրզախանյանը մանրամասներ են ներկայացրել ՀՀ կառավարության՝ ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքների վերաբերյալ, նշել, որ այն գնահատվել է արդյունավետ և կունենա շարունակություն: Քննարկումների արդյունքում մատնանշվել են հիշյալ ծրագրում ներգրավվելու դեպքում Հայաստանի ամերիկյան համալսարանի հնարավոր մասնակցության ձևերը:

Մինչ զորացրվելը բուհեր ընդունվելու նպատակով հենց զորամասերում զինծառայողներին նախապատրաստական կրթական ծրագրերում ներառելու ՀՀ կառավարության նախաձեռնության հանդեպ համալսարանի ղեկավարությունը հետաքրքրություն էր հայտնել ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի՝ բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ վերջերս կայացած հանդիպմանը: