12 փետրվարի 2013 - 12:33 AMT
Հայաստանի դահուկավազքի հավաքականը ԱԱ է մեկնելու փետրվարի 15-ին

Մի քանի օրից Իտալիայում մեկնարկելու է դահուկավազքի աշխարհի առաջնությունը, որին 8 մարզիկներով մասնակցելու է նաև Հայաստանի ընտրանին:

PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանն ասել է, որ Իտալիա են մեկնելու այս տարվա Հայաստանի առաջնությունում հաջող հանդես եկած մարզիկները:

Աշխարհի առաջնությունում ելույթ են ունենալու Սերգեյ Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Արթուր Եղոյանը, Մյասնիկ Ղարիբյանը, Սյուզաննա Վարոսյանը, Վալյա Վարոսյանը, Կատյա Գալստյանը և Աննա Մխիթարյանը: Հայ դահուկորդների հետ մրցավայր են մեկնելու նաև հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը և մարզիչ Արթուր Միքայելյանը:

Հայաստանի պատվիրակությունը երկու խմբով է մեկնելու Իտալիա, առաջինն ուղևորվելու է փետրվարի 15-ին, իսկ երկրորդը` 18-ին: Առաջնությունն ավարտվելու է փետրվարի 24-ին: