13 փետրվարի 2013 - 12:46 AMT
Կիևի միջազգային մրցաշարին կմասնակցեն 12 հայ ազատ ոճի ըմբիշներ

Փետրվարի 16-17-ին Կիևում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար: Մրցաշարին կմասնակցեն 17 երկրների մարզիկներ, այդ թվում Հայաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից ու Վրաստանից:

Հայաստանի հավաքականն արդեն Ուկրաինայում է գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ և պատրաստվում է մրցաշարին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը:

Որոշ քաշային կարգերում հանդես կգան երկուական կամ երեքական հայ մարզիկներ: Միայն 120 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:

Մինչև 55 կգ քաշային կարգում հանդես կգան Գարիկ Բարսեղյանը, Միհրան Ջաբուրյանը, Օհան Գիքինյանը, 60 կգ քաշային կարգում՝ Արթուր Առաքելյանը, Նարեկ Սանոյանը: Սերգեյ Հովսեփյանն ու Դավիթ Սաֆարյանը կհայտավորվեն մինչև 66 կգ քաշային կարգում, Գրիգոր Գրիգորյանը՝ 74 կգ: Մուսա Մուրթազալիևը, Վահե Թաթրազյանը հանդես կգան 84 կգ կարգում, իսկ Էդգար Ենոքյանն ու Անդրանիկ Գալստյանը 96 կգ քաշային կարգում: