13 փետրվարի 2013 - 17:37 AMT
CCAF-ը դատապարտում է Լորան Ֆաբիուսի հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ

Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների համակարգող խորհուրդը (CCAF) խստորեն դատապարտում է ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությունը Թուրքիայի բռնատիրական ռեժիմին դրական ազդանշանների մասին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, CCAF-ը իր ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ֆրանսիան որոշել է համաձայնվել նոր գլխի բացմանը Թուրքիայի և ԵՄ միջև բանակցություններում: Փետրվարի 12-ին Ֆաբիուսի հրապարակած այդ մտադրությունը առավել անհասկանալի է դառնում Թուրքիայում ազատությունների լուրջ խախտումների ֆոնին:

«Ֆրանսիայի կառավարության այս ապշեցնող որոշումը հատկանշական է նաև Թուրքիայում փոքրամասնությունների հանդեպ ռասիզմի ու բռնության համատեքստում՝ հայ կանանց սպանությունները, քրդերի դեմ բռնությունները, հունվարի 9-ին 3 քուրդ ակտիվիստների սպանությունը Փարիզում, որի ետևում թուրքական հատուկ ծառայություններն են»,-գրում է թուրքական ծագումով ֆրանսաբնակ ուսանողուհի Սեվիլ Սեվիմլին: Հայտարարությունը դիվանագիտական ցինիկ հայեցակարգի արդյունք է և հակասում է Ֆրանսիայի նախագահի դիրքորոշմանը, ասվում է CCAF-ը հաղորդագրության մեջ: