16 փետրվարի 2013 - 17:35 AMT
ԱԺ նախագահը վստահ է, որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը անաչառ գնահատական կտա ընտրություններին

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլային և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվեց ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը և Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց , որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը անաչառ գնահատական կտա նախագահական ընտրություններին: Խորհրդարանի ղեկավարը կարևորեց համապետական ընտրություններում միջազգայիպն հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացվող դիտորդական առաքելությունները` որպես մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման կարևոր խթան: Մենք աշխատել ենք մինչև առաջիկա ընտրությունները լուծում տալ նախորդ ընտրություններից հետո միջազգային դիտորդական առաքելությունների արձանագրած թերություններին: Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք և շահագրգռվածություն` անցկացնելու 2013 թվականի նախագահական ընտրությունները էլ ավելի բարձր մակարդակով և եվրոպական չափանիշներին համապատասխան»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: