22 փետրվարի 2013 - 16:52 AMT
Հայաստանը պատրաստակամ է համագործակցել Ճապոնիայի հետ ՍԾՏՀ շրջանակներում

Փետրվարի 20-21-ը Տոկիոյում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) շրջանակում կայացավ Japan-Black Sea Area Dialogue վերտառությամբ 4-րդ ֆորումը, որին մասնակցեց և ելույթ ունեցավ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը:

Ֆորումի նպատակը Ճապոնիայի և Սևծովյան տարածաշրջանի համագործակցության զարգացման հեռանկարների քննարկումն էր, որում ընդգրկված էին Ճապոնիայի խորհրդարանի և կառավարության պաշտոնյաներ, ՍԾՏՀ կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, արտգործնախարարություններից ոլորտը համակարգող պաշտոնյաներ, ճապոնացի գործարարներ և փորձագետներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Իր ելույթում դեսպան Պողոսյանը, մասնավորապես նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է համագործակցել Ճապոնիայի հետ ՍԾՏՀ կազմակերպության շրջանակներում և խրախուսում է բնապահպանության, տրանսպորտի և էներգետիկայի բնագավառներում ծրագրերի իրականացման ճապոնական կողմի առաջարկը: Դեսպանն ընդգծեց նաև, որ այդ ոլորտներում Հայաստանն արդեն իսկ Ճապոնիայի հետ գործակցության առաջարկներ և նախագծեր ունի:

Ֆորումի մասնակիցներն արձանագրեցին, որ ելույթներն ու քննարկումները զգալիորեն նպաստեցին Ճապոնիա-ՍԾՏՀ կազմակերպություն համագործակցության ակտիվացմանը, ներկայացված առաջարկների առարկայացմանն ու հետագա քայլերի հստակեցմանը: Վերահաստատվեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը միտված է տնտեսական համագործակցության խթանմանը, և հարկ է զերծ մնալ ՍԾՏՀ հարթակում քաղաքական խնդիրներ արծարծելուց ու համատեղ արդյունավետ աշխատանքով ձգտել տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը: