25 փետրվարի 2013 - 12:45 AMT
ԿԸՀ շենքի դիմաց ակցիա է. Ակտիվիստները պահանջում են չճանաչել ընտրությունների արդյունքները

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ պատկերասրահ», «Հանցագործության բարձրագույն մակարդակը ընտրակեղծարարությունն է», «ԿԸՀ-ն և ԵԱՀԿ-ն չպետք է ճանաչեն կեղծ ընտրություննները և սատարեն քրեաօլիգարխիկ համակարգին»: Նման պաստառներով մի խումբ երիտասարդներ հավաքվել են ԿԸՀ շենքի դիմաց և պահանջում են վերջ դնել ընտրական կեղծարարություններին: Ակտիվիստներից ՆվարդՄարգարյանըPanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք այստեղ են կոչ անելու, որ բոլոր ընտրակեղծարարները պատժվեն. «Եթե գոնե մեկ հանձնաժողով պատժվի, մյուսները կեղծիքներ թույլ չեն տա»,-ասաց նա:

Ակտիվիստները նշում են, որ արդեն 20 տարի է՝ երկրում այս իրավիճակն է, և իրենք չեն կարող չհայտնել իրենց բողոքը: Ավելացնենք, որ քիչ անց ԿԸՀ-ն կհրապարակի փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրության վերջնական արդյունքները:

«Կեղծ ընտրությունները վավերացնելը պետական մասշտաբի հանցագործություն է և ցանկացած ստորագրություն, որը կվավերացնի կեղծ ընտրությունը, կհետապնդվի հանրության կողմից»: Ակցիայի մասնակիցները բարձրախոսով կարդացին իրենց հայտարարությունն ու կոչ արեցին, որ կանխեն այդ հանցագործությունը և չհրապարակեն վերջնական կեղծ արդյունքներ: