25 փետրվարի 2013 - 20:39 AMT
«Սարդարապատ». Ր. Հովհաննիսյանի դեմ ցանկացած բռնություն կստանա համարժեք պատասխան

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն:

«Շարժումն իր կազմակերպական ու մասնագիտական ամբողջ ներուժով մասնակցում է ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում ժողովրդի քաղաքական ստեղծագործության միջոցով ծնվող և իր ռազմավարական ծրագրին համապատասխանող հզոր, մրցունակ ու հայաստանակենտրոն պետության կերտման գործին»,-ասված է նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

«Սարդարապատ» շարժումը միևնույն ժամանակ զգուշացնում է իշխանություններին, որ ազգային-ազատագրական պայքարի դուրս եկած ժողովրդի, այդ թվում՝ համաժողովրդական շարժման մեկնարկն ապահոված Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ որևէ բռնություն կստանա ավելի քան համարժեք պատասխան: