4 մարտի 2013 - 14:28 AMT
Ադրբեջանը խոսում է շանտաժի ու սպառնալիքի անընդունելի լեզվով

Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն իր արտաքին քաղաքականության մեջ ելնում է առաջին հերթին իր բնակչության շահերից, իր երկրի շահերից: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ միայն Հայաստանի քաղաքական կուսակցությունների հարցն է: «Դա առաջին հերթին Հայաստանի բնակչությանը, ողջ հայությանը հետաքրքրող հարց է: Եվ այդ հարցում մինչ օրս մենք չենք ունեցել տարակարծություններ քաղաքական պատճառներով, քանի որ դա համազգային գաղափար է»,-ասել է Միրզոյանը:

Նա նաև նշել է, որ նույնիսկ եթե Ադրբեջանում կան ուժեր, որոնք կողմ են ԼՂՀ հետ հարաբերությունների կարգավորմանը, կարծում եմ, նրանց շատ հմտորեն թաքցնում են: «Այսօր Ադրբեջանից հորդում է սպառնալիքների հոսք, բռնության տարրեր պարունակող բառերի հոսք, շանտաժի տարրեր: Այս լեզուն, այս մոտեցումը, բնականաբար, բացարձակապես անընդունելի է: Եվ այստեղ առաջին հերթին իր դերն ունի այն շեմը, որ դրել է Ադրբեջանի այժմայն ռեժիմը իր նախագահի գլխավորությամբ: Այսինքն, երբ սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսում են նախագահն ու նրա ներկայացուցիչները, բնականաբար, ընդդիմությունը աշխատում է գերազանցել նրանց այդ այլատյացության, հայերի ու ամեն հայկականի հանդեպ ատելության շրջանակներում»,-ասել է Կարեն Միրզոյանը: