4 մարտի 2013 - 16:12 AMT
Պ.Հայրիկյանին հնարավոր է տեղափոխեն արտերկիր. Բուժումն արդյունք չի տալիս

Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատանում է, վերքը չի լավանում և նրան հնարավոր է տեղափոխեն արտերկիր` լիարժեք բուժման: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը:

Նա նշեց, որ Պարույր Հայրիկյանին արտերկիր կտեղափոխեն, եթե բուժման կուրսերը արդյունք չտան: ԱԻՄ առաջնորդը փետրվարի 28-ին տեղափոխվել է «Կարմիր Խաչի» հիվանդանոց, որտեղ 8 տարբեր տեսակի կուրսեր է ստանում, սակայն դրանք դեռևս արդյունք չեն տալիս: «Հայաստանում ավելի լավ տեղ չկա, որ այդ ներվային վնասվածքները վերականգնեն: Առողջապահության նախարարությունից էլ խորհուրդ են տվել, որ արտերկրում շարունակի բուժումը»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Նրա խոսքով` Պարույր Հայրիկյանը ցավերից հաճախ չի կարողանում քնել, ցավազրկողները չեն օգնում, բղավելու աստիճան ուժեղ ցավեր են լինում, իսկ ցուցամատը, որ նախկինում կարողանում էր շարժել, այժմ չի շարժվում:

Ըստ Կարո Եղնուկյանի` հաճախ շահարկվում է այն թեման, որ եթե չէր առողջացել, ապա առաջին օրը թող վեր չկենար, կարող էր սպասել մինչև առողջանար, հետո ոտքի կանգներ: «Դա եղել է իր կամքի ուժի շնորհիվ: Նա հայտարարում էր, պետք չէ վախենալ, բայց նրան ցանկանում էին շարքից հանել: Եթե նա վախենար, նրա քարոզը ջուրը կընկներ: Նա հայտարարեց` ժողովուրդ չվախենաք, ես այստեղ եմ, ձեր հետ եմ: Նա ատամները կրճտացնելով, ցավին դիմանալով, իր առողջության հաշվին արեց դա: Այսօր մենք տեսնում ենք նրա հաջողությունը ընտրություններն ամփոփելուց հետո, ժողովուրդը չվախեցավ և գնաց ընտրության»,- ասաց Կարող Եղնուկյանը: