
Մարտի 6-ին՝ Մեծ պահքի Միջինքի օրը, Վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ նշվեց «Հայկական Գաթա» փառատոնը:
Փառատոնին ներկայացվեցին երկու տասնյակից ավել գաթաներ, որոնք պատրաստվել էին երաժշտական, կիրակնօրյա դպրոցների և «Ապագայի տուն» ուսումնական կենտրոնի անդամ կանանց կողմից: Միջոցառումն ուղեկցվում էր Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի շարականներով, Ախալքալաքի մշակույթի տան սաների երգերով: Փառատոնի վերջում հանդիսապետությամբ՝ Հայր Սուրբի և հոգևոր դասի, օրհնվեցին գաթաները, որից հետո «Վաչիան» երգի-պարի համույթի սաները, օրհնված գաթաները մատուցեցին ներկաներին: Նրանք, ովքեր իրենց բաժին գաթայում գտան ավանդական մետաղադրամը, առաջնորդական փոխանորդից ստացան Աստվածաշունչ մատյաններ: Այս ամսին հայտնում են Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից: