7 հոկտեմբերի 2005 - 15:57 AMT
Հայաստանի եվ Լատվիայի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ հարցերի շուրջ: Երկրների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի են ունեցել հայ-լատվիական բանակցություններն` ընդլայնված կազմով, որոնց ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի համար ուսանելի կարող է լինել հիպոթեքային շուկայի զարգացման, գյուղատնտեսությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, ապահովագրության, կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների Լատվիայի փորձը: Երկկողմ բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հայաստանի եւ Լատվիայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն, ստորագրվել են նաեւ համաձայնագրեր երկու երկրների կառավարությունների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության, մաքսային հարցերում փոխադարձ օնության մասին: Ստորագրվել է նաեւ միջգերատեսչական փաստաթուղթ մշակույթի բնագավառում համագործակցության մասին: