12 մարտի 2013 - 15:32 AMT
Ստամբուլի դատախազությունը պահանջում է դատապարտել Սևան Նիշանյանին 1,5 տարվա ազատազրկման

Ստամբուլի դատախազությունն ավարտել է հայ լրագրող Սևան Նիշանյանի գործով դատավարությունը և պահանջում է դատապարտել նրան 1,5 տարվա ազատազրկման «ժողովրդի մի մասի կրոնական զգացմունքները վիրավորելու համար»:

Նիշանյանը չի ճանաչում ներկայացված մեղադրանքը, պնդում է, որ դատարան դիմած մարդիկ «ծանոթ չեն խոսքի ազատության մասին օրենքին» և ինքը չի պատրաստվում պաշտպանվել դատարանում:

«Պաշտպանվել կնշանակի ճանաչել այս գործի օրինական լինելը: Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար»,-ասել է Նիշանյանը, հայտնում է «Ակոս» թերթը:

«Երկրում շատ են անկիրթ մարդիկ, որոնք աջ ու ձախ բոլորի վրա կեղտ են շպրտում: Ես մեղադրական եզրակացությունը կարդալու ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ համբերություն: Ես չեմ պատրաստվում պաշտպանվել այսպիսի հիմար դատավարության ընթացքում»,-հայտարարել է նա:

Նա ասել է, որ եթե իրեն դատապարտեն 1,5 տարվա ազատազրկամն, ապա դա միայն կվնասի Թուրքիային՝ ցույց տալով աշխարհին, թե ինչպես է աշխատում թուրքական դատարանը: