Ազատություն հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ քաղաքացիներն իրենց են մոտեցել և հետաքրքրվել, թե ինչպես է շարունակվելու շարժումը: Քայլեր են առաջարկել շարժմանն աջակցելու համար:
«Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն էլ տեղեկացրեց, որ մտահոգ քաղաքացիների հորդորով իրենք ստեղծում են «Բարև» ժողովրդավարության զարգացման ազգային հիմանդրամ, որին քաղաքացիները կարող են փոխանցել իրենց նպաստը: Նա նշեց, որ շուտով կտարածեն հաշվեհամարը, որով կարող են դրամ փոխանցել:
«Այս հզոր ալիքը, այս օվկիանոսը կտա այն միջոցը, որով կսպասարկենք շարժման կարիքները»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ սկսվել է ստորագրահավաք, որի հեղինակը հանրությունն է:
«Ես՝ ՀՀ քաղաքացիս, ողջունում եմ նորընտիր նախագահի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման և համազգային նոր վերածննդին, պատրաստ եմ անմնացորդ զորակցել պայքարին ու ապրիլի 9-ին միանալու նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»,- Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց հայտարարության տեքստը, որի տակ ստորագրում են քաղաքացիները:
Ավելացնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն 5 օր է հացադուլի մեջ է, այսօր մեկ օրով նրան է միացել գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը: