15 մարտի 2013 - 19:34 AMT
Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» ցուցակը հայտնի կլինի մեկ շաբաթից

Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակը հայտնի կլինի հաջորդ շաբաթ` Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ: Այս մասին հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, և նշեց, որ մասնակցելու են այն սկզբունքով, ինչ նախագահի ընտրություններին:

«Շատերը չհավատացին ժողովրդին, ես հավատացի, դուք հավատացիք: Մենք հաղթեցինք: Իշխանությունը լինելու է ժողովրդինը: Որպես սկզբունք մեր ժողովուրդը մասնակցելու է բոլոր հնարավոր ընտրություններին, այդ թվում Երևանի ավագանու ընտրություններին, այն ցուցակը, որ կներկայացվի հաջորդ շաբաթ, հաղթանակ է կրելու, Երևանի հաջորդ քաղաքապետը կլինի մեզանից մեկը, դա ես չեմ լինելու, լինելու է մեզանից մեկը, միասին այս հաղթանակը տանելու ենք, վերադարձնելու ենք քաղաքը Հայաստանի ժողովրդին»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ հանրահավաքը կլինի հաջորդ ուրբաթ` ժամը 18:00-ին: