23 մարտի 2013 - 14:18 AMT
Սևաքարի եկեղեցին հենակներով է ամրացվելու

Մարտի 9-ին փլուզվել էին Սևաքար գյուղի հանրապետական նշանակության 17-18-րդ դարերի եռանավ բազիլիկ Սբ. Հռիփսիմե եկեղեցու հարավային և արևմտյան պատերը, տանիքի մի հատվածը: 1997 թ. ՀՀ կառավարության N 51 որոշմամբ եկեղեցին հանձնվել էր համայնքին որպես սեփականություն և հանդիսանում էր գործող եկեղեցի: Այն երբևէ չի նորոգվել կամ ամրակայվել:

ՀՀ մշակույթի նախարարի հրամանով` ՀՀ մշակույթի, քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը՝ մարտի 13-ին եղել է տեղում և արձանագրել, որ եկեղեցու խոնարհման պատճառ են հանդիսացել դեռևս 1930-ական թվականներին առաջացած երկայնական ճաքերը, ծածկերի /հողածածկ/ ջրամեկուսացման բացակայությունը, նաև հիմնատակի գրունտների նստվածքային երևույթները:

Աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա առաջարկվել է հետագա փլուզումներից խուսափելու համար հենակներով ամրացնել եկեղեցու վթարված, բայց դեռևս կանգուն հատվածները: Նախքան փլվածքի մաքրումը /ճանապարհ, բակ, անցուղի/ ձեռնարկել եկեղեցապատկան բեկորների առանձնացման և համարակալման աշխատանքներ, կատարել հիմնատակերի գրունտների ինժեներաերկրաբանական հետազոտություն, մշակել եկեղեցու ամրակայման և մասնակի կամ ամբողջական վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը: