Հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Մագնուս Կարլսենի հետ ոչ ոքիից հետո Լևոն Արոնյանը խոստովանել է, որ զգում է հայրենիքի աջակցությունը: «Ես գիտեմ, որ ինձ սատարում են տանը: Ինձ նամակներ են գրում, կարճ հաղորդագրություններ, երբ ժամանակ է լինում, ես պատասխանում եմ: Շատ հաճելի է զգալ, որ քո խաղը հարկավոր է»,-Արոնյանի խոսքն է մեջբերում candidates2013.com-ը:
Մագնուս Կարլսենը նշել է, որ Արոնյանի հետ խաղում աշխատում էր գործել հուսալի և հաստատուն: «Ես հասկանում էի, որ այս պարտիան կարևոր է մրցաշարային տեսակետից և ցանկանում էի վստահ գործել: Մենք երկուսս էլ ընթանում էինք ծանոթ տարբերակով, մինչև որ Լևոնը չզարմացրեց ինձ 15...c6 քայլով: Հավանաբար, դա վերջնականապես հավասարեցրեց խաղը: Ակնհայտին դեմ ես չգնացի: Ոչ ոքի ստացվեց, սակայն այնքան էլ չտխրեցի, որ կորցրեցի սպիտակ գույնը»:
Շախմատիստները հավաքել են 5,5 միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում են 1-2 տեղերը: