27 մարտի 2013 - 20:58 AMT
ԿԱՐԾԻՔ
Ադրբեջանական բանակում ինչ-որ բան է կատարվում, որը կոծկելու համար իշխանությունները մեղադրում են հայկական կողմին

Ադրբեջանական բանակի մայորը գլխի շրջանում հրազենային վերք է ստացել: Նրա վիճակը նորմալ է գնահատվում: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` տարածելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը: Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման «մեղադրանքով» սա միայն այսօր արդեն 2-րդ վիրավորն է: Վերջին 3 օրում նաև 3 զոհի մասին է տեղեկություն տարածվել ու 2 հայ զինծառայողի:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է տեղեկությունն ու նշել, որ հայկական կողմը ոչ մի զոհ չունի և շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը: Իսկ արդեն մի քանի օր շարունակվող հրապարակումները հրադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծիքի շարունակությունն են:

Բացի այդ, հայկական կողմը գոնե վերջին օրերին որևէ պատճառով որևէ զինվորի մահվան մասին չի հայտարարել: Հետևություն` ադրբեջանական բանակում ինչ-որ բան է կատարվում, որը կոծկելու համար իշխանությունները, ինչպես միշտ, մեղադրում են հայկական կողմին:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը երեկ նշել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում գրանցված զոհերի մեջ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մեծ թիվ են կազմում:

«Ադրբեջանական բանակում, շատ ավելի, քան որևէ այլ պետական հաստատությունում, առկա է բնիկ ազգերի նկատմամբ կիրառվող խտրական վերաբերումքը: Այս ամենն այդ ազգերի մոտ ազգային ինքնագիտակցության ակտիվացման ամենակարևոր գործոններից մեկն է»,- ասել է փորձագետը:

Մեկ այլ փորձագետ, որը նախընտրեց չներկայանալ, նշեց` չի բացառվում, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողություններ էր նախապատրաստել, որը ձախողվել է ու հիմա փորձում են հին մեթոդով` «փոխհրաձգությամբ» կամ «հայկական կողմի ակտիվությամբ» հիմնավորել կորուստներն ու ձախողված գործողության հետքերը մաքրել: Նույն փորձագետը հիշեց նաև մոտ 15 օր առաջ սահմանի ակտիվությունն ու նշեց. «Հնարավոր է նաև, որ զոհերին նոր են սառնարաններից հանում»:

Բայց մեղքը հայերի վրա բարդելիս ադրբեջանցիները մի տեղ էլ են սայթաքել: Հերթական զոհի մասին նյութն ադրբեջանական լրատվամիջոցներում երեկ վերնագրված էր այսպես` «Ադրբեջանական բանակի ևս մեկ զինծառայող շեհիդ դարձավ»: Շեհիդը, հակիրճ ձևակերպմամբ, հանուն հավատքի ու ազգի զոհված հերոսն է: Բայց եթե «շեհիդը» հայկական գնդակից է զոհվել, ուրեմն նրան «հարամ» է կպչել, քանի որ հայտնի է` զենքը մաքրող յուղը, թեկուզ շատ քիչ, բայց նաև խոզի յուղ է պարունակում: Այդ դեպքում, ըստ փորձագետի, նա չէր կարող շեհիդ լինել, նշանակում է` ոչ թե հայկական կողմի գնդակից, այլ ուրիշ կերպ է մահացել:

Անի Ավետյան / PanARMENIAN News