2 նոյեմբերի 2005 - 17:45 AMT
Վարդան Օսկանյանն ու Վինչենցո Սինիսկալկին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների հարցը
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց Իտալիայի խորհրդարանի անդամ Վինչենցո Սինիսկալկիին, որը Երեւանում է գտնվում Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի տոնակատարությանը մասնակցելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն: Հանդիպման ընթացքում ծավալվեց մտքերի փոխանակություն հայ-իտալական երկկողմ հարաբերությունների շուրջ` նշելով, որ վերջին տարիներին դրանք ապրում են դինամիկ զարգացում բոլոր ուղղություններով: Այդ կապակցությամբ Վ.Օսկանյանը հատկապես կարեւորեց Հայ-իտալական բարեկամության օրերը, որոնք ընթանում են մեծ հաջողությամբ եւ իրական վկայությունն են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության: Նշվեց նաեւ այն համատեղ աշխատանքը, որ տասնամյակներ ի վեր ծավալվում է երկու երկրների միջեւ Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության եւ վերականգնման ուղղությամբ: Վարդան Օսկանյանն ու Վինչենցո Սինիսկալկին քննարկեցին նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի խորացման հնարավորությունները եւ համագործակցության մի քանի կոնկրետ ուղղություններ: Անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի եվրաինտեգրման ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների: