3 ապրիլի 2013 - 19:38 AMT
Է. Նալբանդյան. Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հավասարակշռված է

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։ Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարիդրացիական հարաբերությունները և նշել, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները նպաստում են փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

Ռամին Մեհմանփարաստը տեղեկացրել է, որ իր այցելությունը բավականին հագեցած էր, և տեղի ունեցած բովանդակալից հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայաստանյան և իրանական լրատվամիջոցների միջև համագործակցության հաստատման վերաբերյալ։

Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Իրանի ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Տարածաշրջանային խնդիրների քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։